Երկրակեղև,Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։
Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը` բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում` 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը` 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։
Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը` Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։
