Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360-361թ. Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում .:Նա երիտասարդ հասակներում ստանում է ասորական և հունական հիանալի կրթություն: Ավարտելով Հայաստանում գործող օտարալեզու դպրոցներից մեկը, Մեսրոպ Մաշտոցը ծառայության մտնում Վաղարշապատի արքունի դիվանատանը զինվորական գրագրի պաշտոնով։: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցը դառնում է կրոնավոր և 390-ական թվականների սկզբներին մի խումբ աշակերտներով մեկնում Գողթն գավառը քրիստոնեական ուսմունքը պրոպագանդելու համար։: Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել քրիստոնեական գրականությունը և Աստվածաշունչ-ը դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար: