Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:
Հազարապետությունը դա պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանակություն ունեցող աշխատանքները՝ նոր քաղաքների ու ամրոցների կառուցում, ճանապարհների ու ջրանցքների անցկացում և այլն:
Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը, որի հրամանատարության տակ էին գտնվում արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը: Նա անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը:
Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը: Նա արքունի կանանոցի վերակացուն էր, արքայաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն: Գործակալը, որ կրում էր հայր-մարդպետ տիտղոսը, նշանակվում էր ներքինիներից:
Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները, որոնց պարտականությունն էր խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին:
Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:
Սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը: