Դավիթ Բեկ

1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։Համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։