Հովսեփ Արղությանի և Հովհաննես Լազարյանի ծրագրի համաձայ , Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:
Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:
Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ: Դրա համաձայն, Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու: