Սողոմոն Իմաստուն, երեք առակ

1. Մի Մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Մի օր այգում երկար աշխատելուց հոգնեց ու որոշեց պառկել ու հանգստանալ ընկուզենու ստվերում: Նա մեկ նայում էր ճյուղերի արանքներից երևացող ընկույզներին, մեկ` կողքին աճած ձմերուկներին:
«Տեր Աստված,-հանկարծ սկսեց մտածել նա, – ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ կարգին է: Միայն մի մեծ սխալ ես գործել. Ձմերուկն այս հսկա ծառի վրա պետք է աճեր, ընկույզը` թփի: Տեր, դու էլ ես սխալներ անում»:
Այս խոհերի մեջ էր, երբ մի ընկույզ պոկվեց ծառից ու թափով կպավ այդ մարդու ճակատին: Ճակատը պատռվեց, և արյուն եկավ: Մարդը վեր թռավ տեղից, ձեռքերը պարզեց դեպի վեր ու ասաց.
– Ներիր ինձ, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով դատեցի: Ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ ճիշտ է ու կատարյալ: Ով չհավանի քո ստեղծածը, ճակատի տեղ գլուխը կկոտրի: Եթե ընկույզի տեղը ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:

2. Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ` վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում: Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին, ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը:
Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

3. Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը, — ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ, նա իմ կողքից վերցնում է երեխայիս ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
| Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,- ճչում է իսկական մայրը, — խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, տվեք այդ կնոջը։
Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Հարցեր և առաջադրանքներ:

Ի՞նչ է առակը:
Թվարկիր քեզ ծանոթ առակագիրներին:
Ո՞վ է եղել Սողոմոն Իմաստունը: Ի՞նչ գիտես նրա մասին:
Կարդա՛ առակները, ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը: