Որոշիչը և նրա արտահայտությունը

Նախադասության երկրորդական անդամներ կամ լրացումներ:
Գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Որոշիչ
ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։

Օրինակ՝  Գեղեցիկ  օրերի հուշերը նրան երանության գիրկն էին նետել:
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով

Օրինակ՝ Դարբին Մանուկը շատ շնորհալի աշակերտներ ունի:  

2. ածականով

Օրինակ՝  Դաշտային գունագեղ ծաղիկների  բույրը տարածվել էր ամենուր:

3. դերանունով

Օրինակ՝ Այդ երգը վաղուց մոռացված է: 

4.  դերբայներով

Օրինակ՝ Տաշած  քարը գետնին չի մնա:
Աշխատող մարդը ամեն ինչի կհասնի:

5. թվականով

Օրինակ՝ Տասը մասնակցից  հինգը հաղթեց: 

6. մակբայով

Օրինակ՝ Արագ քայլերով  նա հասավ ճամփորդողներին։

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։

Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:

Տեքստում ընդգծել որոշիչները: Ի՞նչ խոսքի մասով են արտահյտված որոշիչները;

Օրերով թափառում էր ոհմակի հետ: Քաղցած, նյարդայնացած, կատաղած շները ամբողջ  օրը վազվզում էին, գզվռտում, որպեսզի  քաղաք մտնեին ու փորձեին գողություն անել: Բակերից ներս էին մտնում, հին ոսկորներ ճարում: Դանիացի շունը մռմռում էր, ոսկորը խլում ու հանգիստ  կրծում: Երկու շուն էլ մարդկանց վրա էին հարձակվում ու գռմռում: