Ամեն օր ամուսինը աշխատում էր դաշտում, իսկ կինը տան գործերով էր զբաղվում:
Ամուսինը հաճախ ասում էր:
-Ես ամբողջ օրը դաշտում եմ աշխատում, իսկ դու ի՞նչ ես անում: Դու ոչ մի բան չես անում: Ամբողջ օրը տանը նստած ես:
-Լավ,- ասաց կինը,- օրերից մի օր դու մնա տանը, իսկ ես գնամ դաշտ:
Այդպես էլ արեցին: Կինը գնաց դաշտում աշխատելու, իսկ ամուսինը մնաց տանը, որպեսզի զբաղվեր տան գործերով: Կինը ճաշին եկավ տուն և տեսավ` այծը կաղամբները կերել է, բոլոր հավերը բանջարանոցում են, կովը սոված բառաչում է, կատուն կաթն է թափել, վառարանը սառն էր և ուտելու բան չկար:
Կինը գնաց ամուսնուն փնտրելու: Ամուսինը ջրհորի մոտ կանգնած էր. դույլն ընկել էր ջրհորի մեջ, չէր կարողանում հանել: Կինը նայեց և ասաց.
— Ասելիք չունեմ: Դեռ լավ է, որ կենդանի ես մնացել: