Արտաշես Ա

Իշխանություն
մ.թ.ա. 190–մ.թ.ա. 160
Ծնվել է՝
մ. թ. ա. 230
Մահացել է՝
մ. թ. ա. 159
Երկիր
 Մեծ Հայք

Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։