Գիտեք որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.

Լսու ՞մ  եք անուշ մի զնգոց-

Գիտե ՞ք,  որ գարուն է արդեն,

Դյութում են շրթերը վարդե,

Սրտերը կրակ են ու բոց-

Գիտե ՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց:

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Եղիշե Չարենց — Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին.-

Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,

Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,

Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-

Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Կյանքը

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Եղիշե Չարենց «Մարիոնետկա»

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,ն
Գունատ, դեղին, գունատ, դեղին։

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․

Իմ երազանքի մոլորակը

Ես կուզեի, որ իմ մոլորակը լիներ շատ գեղեցիկ,մարդիկ ապրեին համերաշխ և խաղաղ, չլինեին պատերազմներ:Պահպանեին բնությունը, չսպանեին կենդանիներին, չախտոտեին օդը գործարաներով:Կուզեի, որ դինոզավրերը չանհետանային հրաբուխի և երկրաշարժի պատճառով: