Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում

Արևելքի երկրներում տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ ստեղծվում է միանգամայն նոր մշակույթ, որն ընդունված է կոչել հելլենիստական: «Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը:Հայաստանը նույնպես ենթարկվել է հելլենիզմի ազդեցությանը: Սակայն թե’ հունարենը և թե’ հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը:

Garni

Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը: Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար, որը բաժանվում է երկու փուլի՝ մ.թ.ա. III-I դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն՝ մ.թ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմանը:Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել: Ցավոք, մեզ ժամանակի շինություններից հասել է միայն Գառնիի հելլենիստական տաճարը։Հին հույներն օգտագործում էին հունական այբուբեն՝ ծագած, ինչպես համարվում է, փյունիկյան գրությունից։ Դասական վիճակում հունական այբուբենը՝ բաղկացած 24 տառից, ձևավորվել է Ք. ա. 5-րդ դարում։ Հնագույն արձանագրություններում գրությունը աջից ձախ է, ապա որոշ ժամանակ կիրառվում էր պարուրաձև գրությունը, երբ գրության ուղղությունը հերթով փոխվում էր տողից տող։ Ք. ա. 4-րդ դարում վերջնականապես հաստատվեց ժամանակակից՝ ձախից աջ գրությունը։ Հելլենիզմի շրջանի արձանագրություններում սկսեցին կիրառվել վերտողային նշաններ՝ արտահայտելու շեշտի երեք և շնչեղացման երկու տեսակները։Հելլենիզմի դարաշրջանում բուռն զարգացում ապրեց քաղաքաշինությունը: Կառուցվում էին նոր քաղաքներ և ընդարձակվում էին հները: Նշված ժամանակաշրջանում մենք հանդիպում ենք մի քանի տասնյակ քաղաքների, որոնցից առավել նշանավորներն ու ամենախոշորներն էին Տիգրանակերտը և Արտաշատը: Արտաշես Ա-ի պատվերով նախապես կարթագենյան զորավար Հաննիբալը ստեղծում է քաղաքի հատակագիծը, և այնուհետև սկսվում են շինարարական աշխատանքները: Հայկական մայրաքաղաքն այնքան էր աչքի ընկնում իր մեծությամբ, հարստությամբ ու պարիսպների ամրությամբ, որ հռոմեացիներն, ինչպես նշել ենք, այն անվանել են Հայկական Կարթագեն: Արտաշատը կառուցվել է մի քանի բլուրների վրա, որոնցից իննի վրա գտնվել է հզոր պարիսպներ ունեցող միջնաբերդը: Պեղումների ժամանակ հայտնաբերված մարմարե և կավե արձանները, զենքն ու զրահը, գործիքները, ոսկուց ու արծաթից պատրաստված զարդերը վկայում են քաղաքային արհեստների բարձր զարգացածության մասին, հավաստում են մշակութային բարձր մակարդակը: Տիգրանակերտի, որի տեղադրությունը վերջնականապես ճշտված չէ, պարիսպները, հասարակական գեղեցկատես շենքերը, պալատները, թատրոնը, թագավորական դղյակն ու պարտեզը վառ գույներով նկարագրել են օտար պատմիչները: