Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր` տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը` դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել` կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Оставьте комментарий