Մեծ եղեռն

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ:

1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

Ըստ որոշ աղբյուրների` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները՝

միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին,Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր,հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը,ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։

Երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:

Оставьте комментарий